կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նախագծերի փաթեթով ապահովվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը

Նախագծերի փաթեթով ապահովվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը

ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Նշված փաթեթով ապահովվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող և քրեական ու քաղաքացիական դատավորների կազմով:

«Փոփոխությունները նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չեն առաջացնում, քանի որ օրենքի անցումային դրույթների ուժով ներկայումս նշանակված դատավորները, որոնք հակակոռուպցիոն գործեր են քննում, շարունակելու են պաշտոնավարել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով առաջարկվում է նաև առանձնացնել ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանները: Նախատեսվում է դատարանների նախագահներին վերապահել նոր լիազորություններ՝ հնարավորություն ստեղծելով ԲԴԽ-ի սահմանած կարգով մշտադիտարկում իրականացնել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ»,- ասաց Հարությունյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող արագացված վարույթի ինստիտուտը ներդնելուն:

«Այն ենթադրում է մեղադրյալի՝ մեղքն ընդունելու պարագայում ապացույցների հետազոտման փուլի բացակայություն, անմիջապես անցում կատարելով մեղադրյալի պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներին և պատժի վերաբերյալ հարցի քննարկմանը:

Նախատեսվում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակելու դատապարտյալին»,- ասաց նա:

  • Կիսվել: