ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Մուրացան» ԲԿ–ի անվտանգության աշխատակցին հարվածներ հասցրած տղամարդը ձերբակալվել է

«Մուրացան» ԲԿ–ի անվտանգության աշխատակցին հարվածներ հասցրած տղամարդը ձերբակալվել է

«Մուրացան» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցին հարվածներ հասցրած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Երեկ հայտնի դարձավ, որ մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, հարվածել նրան, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։

Ոստիկանությունն այժմ հայտնում է, որ երեկ` ժամը 01։45-ին, օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել «Մուրացան» ԲԿ–ի աշխատակիցը և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել հիվանդանոց և ծեծի ենթարկել անվտանգության աշխատակցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Պարզվել է, որ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նոր Արեշի 35-ամյա բնակիչը ձեռքերով և ապակյա շշով հարվածներ է հասցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցին: 35-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմնին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այս դեպքը դատապարտել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

  • Կիսվել: