Մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում․ ՄԻՊ-ը հանդիպել է Մարտինա Շմիդտի հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։
✅Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
✅ Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:
✅Հանդիպման ընթացքում Պաշտպանն անդրադարձել է անհայտ կորած, գերեվարված և զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերջիններիս ծնողների և հարազատների հետ, և ներկայացված խնդիրները բարձրաձայնում միջազգային գործընկերների հետ հանդիպումների և հաղորդակցությունների ընթացքում։
Իր հերթին Մարտինա Շմիդտը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ աշխատանքը։