շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ՝ նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու համար․ Դատախազություն

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ՝ նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու համար․ Դատախազություն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ», -փոխանցեց Աբրահամյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայել Մինասյանը իր տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել իր հետ և արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին, ինչի դիմաց նա կազատվի քրեական գործերի հետ կապված քաշքշուկներից։

  • Կիսվել: