ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ Ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը փաստաբանի կողմից ահազանգ է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել։

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է վերոնշյալ բաժին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Պարզվել է, որ տվյալ անձը բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզվել է նաև, որ տվյալ անձը բուժօգնություն ստանալուց հետո նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել նաև ՁՊՎ։ Ազատությունից զրկված անձի հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ կազմված բժշկական և այլ փաստաթղթերը։

Ի գիտություն է ընդունվել նաև տվյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված պաշտոնական հաղորդագրությունը:

Միևնույն ժամանակ, Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով իրավասու պետական մարմինները պարտավոր են իրականացնել պատշաճ քննություն, այդ թվում` Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության մասով։

Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության, այդ թվում` օբյեկիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու վերաբերյալ հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

  • Կիսվել: