շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԻՊ-ը Սահմանադրական դատարան է դիմել

ՄԻՊ-ը Սահմանադրական դատարան է դիմել

ՄԻՊ-ին ուղղված բողոքներն այս տարվա հունիսի դրությամբ ավելի շատ են եղել, քան 2019-ի ամբողջ ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մասնավորապես, ըստ նրա, եթե նախորդ տարի ստացել են 13140 բողոք, հիմա արդեն ունեն 13300:

Արման Թաթոյանի խոսքով, աշխատակազմն աշխատում է գերծանրաբեռնված, բացի այդ, ոչ բոլոր աշխատակիցներն են ֆիզիկապես ներկա։

Նրա խոսքով, բողոքների մեծ մասը իրազեկման պակասի հետևանք է։ «Արտակարգ դրության ընթացքում սահմանափակումներն արագ եղան, և քաղաքացիները չէին հասցնում հաճախ հետևել և հասկանալ՝ ինչ եղավ։ Այստեղ շատ կարևոր են հանրային իրազեկումները»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ սովորաբար բողոքները հիմնականում դատական և  իրավապահ համակարգից են, այս առումով որևէ բան փոխվե՞լ է, Արման Թաթոյանը պատասխանեց. «Ամեն տարի փոփոխվում է, օրինակ, 2018-ին ամենաշատ բողոքները եղել են ոստիկանությունից՝ պայմանավորված հավաքներով: Այս տարի կանխատեսում եմ, որ ավելի շատ բողոքներ լինելու են առողջապահական համակարգի, կրթության համակարգի հետ կապված, պարետատան հետ կապված»։

Նրա խոսքով, դատական համակարգից բողոքները կարծեք թե ստաբիլ դիրքերում են: «Բարձր է, իհարկե: Հիմա, օրինակ, բողոքների մեծ մասը վերաբերում է գործերի ձգձգմանը, դատական նիստերը ժամանակին չնշանակելուն, մարդիկ հայտնվում են դատական քաշքշուկների մեջ: Այս առումով լուծումների համար ես դիմել եմ ՍԴ՝ վիճարկելով այն պրակտիկան, օրենսդրությունը, երբ կարող է օրինակ ողջամիտ ժամկետը խախտելով, տարիներով ձգձգվել, որի հետևանքով մարդը տուժում է և ոչ մի հատուցում չի ստանում դրա համար: Պատկերացրեք, մարդուն աշխատանքից ազատել են, դիմում է դատարան, դա տևում է շատ երկար: Հատկապես, որ  գործատուն էլ կարող է բողոքարկել վերաքննիչ դատարան: Դրա համար մարդիկ շատ դեպքերում չեն էլ դիմում դատարան»,- նշեց Արման Թաթոյանը։

  • Կիսվել: