ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԻՊ-ը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն

ՄԻՊ-ը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ-ը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն:

՛՛Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալիքներ է ստացել և դիմելու է Ոստիկանություն։

Նա տեղեկացրել է, որ իրեն թիրախավորելով սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածել են իր և իր մանկահասակ երեխայի լուսանկարը։ Բոլոր այդ հրապարակումների ներքո առկա են կամ դրանք ուղեկցվում են իրեն ուղղված, իր լրագրողական գործունեությանը վերաբերող վիրավորանքներով, արժանապատվությունը նվաստացնող լայն ծավալի խոսքով:

Հաշվի առնելով, որ դիմումն առնչվում է մասնագիտական օրինական գործունեության կապակցությամբ լրագրողին և լրագրողի երեխային սպառնալիքներ տալուն, այդ առումով թիրախավորելուն` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն` ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը։

Սոցիալական ցանցերում երեխաների լուսանկար կամ տեսանյութ հրապարակելու հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հորդորել է ցուցաբերել առավելագույն զգուշություն. դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի կամ տեսանյութի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից: Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանին սոցցանցերով սպառնացել էին ու տարածել նրա երեխայի լուսանկարը։

  • Կիսվել: