հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԻՊ-ը գրություններ կուղարկի իրավապահ մարմիններին` Տաթևիկ Ռևազյանի և նրա երեխայի մասին գրառման վերաբերյալ

ՄԻՊ-ը գրություններ կուղարկի իրավապահ մարմիններին` Տաթևիկ Ռևազյանի և նրա երեխայի մասին գրառման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին երեխայի մասին գրառման վերաբերյալ գրությունները կուղարկի իրավապահներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր համապատասխան գրություններ կհասցեագրեմ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ:

Հատուկ նշում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն:

Երեկվա իմ հայտարարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երևույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»։

  • Կիսվել: