ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԻՊ-ն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

ՄԻՊ-ն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 27-ին ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի հանրապետություններից, ինչպես նաև Նորվեգիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթը նշել է, որ այցի նպատակն է ուսումնասիրել, թե ՀՀ կառավարությունն ինչ քայլեր է նախաձեռնել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, հասկանալ ձեռքբերումներն ու մարտահրավերները։

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում է Կառավարության բարեփոխումների գործընթացին, քննարկումներին և ներկայացնում առաջարկություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը պատվիրակության կազմին է ներկայացրել աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, կոնվենցիոն կարգավիճակները, խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված աշխատանքը:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են նաև հասարակությունում կանանց և երեխաների իրավունքների հարցերով իրազեկման բարձրացմանն ուղղված արշավները, որոնք իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակին և այլն։

Հանդիպմանն առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ներկայացնել այլ երկրներում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության ուղղությունները։

 Ժողովրդավարությունների համայքնը ժողովրդավարական պետությունների միջկառավարական կոալիցիա է, որի նպատակը աշխարհում ժողովրդավարական ինստիտուտների հիմնումն ու արժեքների տարածումն է: Ներկայում համայնքին անդամակցում է 31 երկիր։

  • Կիսվել: