հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների թիվն ավելացել է

ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների թիվն ավելացել է

 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2020-ին գրավոր և բանավոր ստացել է 14 հազար 780 բողոք: Այս մասին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի ներկայացմանը:

«Մարդու իրավունքների պաշտպանը 2020-ի ընթացքում գրավոր և բանավոր ստացել է 14 հազար 780 բողոք: Դա 2019-ի համեմատությամբ բարձր է, իսկ 2019-ին նախորդող տարիների համեմատությամբ՝ մի քանի անգամ ավելի բարձր: Անցյալ տարի շեշտակի աճել են թեժ գծի զանգերը, ներկայում ՄԻՊ աշխատակազմը միաժամանակ ստանում է երեք զանգ»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, որ 2020-ին ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է:

2020-ի ընթացքում, չնայած կորոնավիրուսով պայմանավորված վիճակին և այցերի խիստ սահմանափակումներին, ՄԻՊ աշխատակազմն իրականացրել է շուրջ 200 այց՝ քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլն: Թաթոյանը վստահեցրեց, որ աշխատակազմը 1 ժամով անգամ չի դադարեցրել աշխատանքը:

Նա նշեց, որ հատկապես մարտից սկսած շոկային վիճակ էր մարդու իրավունքների համակարգի համար, ընդհանրապես երկրի հանրային առողջության համար՝ կորոնավիրուսով պայմանավորված: «Այդ ժամանակ մենք բախվեցինք մի շարք մարտահրավերների: Գլխավորներից էր այն, որ սահմանափակումները շատ հաճախ էին փոխվում, և իրազեկման լուրջ պակաս կար»,- ասաց Թաթոյանն ու վստահեցրեց, որ ՄԻՊ-ն այդ ժամանակ 24-ժամյա սկզբուքնով աշխատել է՝ օգնելու իրազեկումների հարցում:

 

  • Կիսվել: