երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
ՄԻՊ-ի Շիրակի մարզային ստորաբաժանումում հյուրընկալվել են «Հոգեբանությունը՝ որպես կանանց առաջնորդության հիմք» ծրագրի մասնակից աղջիկները

ՄԻՊ-ի Շիրակի մարզային ստորաբաժանումում հյուրընկալվել են «Հոգեբանությունը՝ որպես կանանց առաջնորդության հիմք» ծրագրի մասնակից աղջիկները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումում ճանաչողական այցով հոկտեմբերի 8-ին հյուրընկալվել են «Հոգեբանությունը՝ որպես կանանց առաջնորդության հիմք» ծրագրի մասնակից աղջիկները, տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է կառույցի գործունեությունը, պատմությունը, Պաշտպանի հիմնական գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը։

ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը մասնակիցներին ներկայացրել է կենտրոնի գործունեության ուղղությունները, Պաշտպանի կողմից կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը։

Անդրադարձ է կատարվել կանանց իրավունքների խախտումների կանխարգելման, բռնության դեպքերում աջակցության տրամադրման ընթացակարգերին»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: