հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ՄԻՊ-ի մասնակցությամբ անցկացվել է քննարկում՝ հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման առնչությամբ

ՄԻՊ-ի մասնակցությամբ անցկացվել է քննարկում՝ հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ ապրիլի 23-ին Ազգային ժողովում անցկացվել է քննարկում՝ հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման առնչությամբ։

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ, ՄԻՊ աշխատակազմի և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ներկայացվել են նախագծային կարգավորումներ, որոնց առնչությամբ կողմերը ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ:

Պաշտպանն իր ելույթում նշել է, որ այս քննարկումը դեռևս մարտի 21-ին տեղի ունեցած «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ. Օրենսդրական լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումների շարունակությունն է:

«Թեև աղմուկի անթույլատրելի մակարդակի հետ կապված խնդիրը հաճախ մարդու իրավունքների դիտանկյունից քննարկման առարկա չի դառնում, այն ուղղակի ազդեցություն ունի մարդու հիմնարար իրավունքների վրա՝ ինչպես անձի առողջության պահպանման իրավունքի, այնպես էլ՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության և վատ վերաբերմունքի դրսևորման տեսանկյունից։ Վերահաստատում եմ՝ անհրաժեշտ է այս ոլորտի վերաբերյալ ունենալ համապարփակ օրենսդրութուն, որը ամբողջապես կվերափոխի ոլորտը»,- ասել է Պաշտպանը։

Պաշտպանը կարևորել է այս ուղղությամբ բոլորի ջանքերի մեկտեղումը՝ պատշաճ արդյունքի հասնելու նպատակով։

  • Կիսվել: