ՄԻՊ-ի հայտարարությունը՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործով
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործի հետ:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են դատական իշխանությանն առնչվող այն բոլոր հարցերը, որոնք կապված են կա՛մ կոնկրետ հարցերով մարդու իրավունքների խնդիրների կա՛մ մարդու իրավունքների համակարգի հետ, առհասարակ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննության, նրան առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերը: Պաշտպանի ուշադրության ներքո են նաև այն հարցերը, որոնք կապված են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի համակարգի հետ և այս պահին ունեն արդիականություն:
Հաշվի առնելով, որ հարցն ունի հանրային նշանակություն՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ մի շարք հարցերի՝
- Հատուկ քննչական ծառայությունում իրականացվող քրեական գործով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ ընտրած խափանման միջոցի, այդ վարույթով նրա իրավունքների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:
Նախաձեռնված քննարկման ընթացքում հաշվի կառնվեն Հրայր Թովմասյանի ու նրա փաստաբանների պնդումները, ինչպես նաև մինչ այս պահը Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության հրապարակային հայտարարությունները: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ ուսումնասիրության առարկա կլինի նաև Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության և նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հետ կապված հարցը:
Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի Գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայությանը: Անմիջական կապ կպահպանվի Հրայր Թովմասյանի ու նրա փաստաբանների հետ:
- Հրայր Թովմասյանին հարցաքննության ենթարկելու ու նրան մեղադրանք առաջադրելու գործողություններն անմիջապես հաջորդել են երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուն: Ըստ այդմ, սույն հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդադառնալ սրա հետ կապված հարցին ևս:
Այդ օրենքը նախատեսում է մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը վաղ կենսաթոշակի անցման կարգավորումներ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իրենց պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորների համար: Օրենքը հրաժարական ներկայացրած այդպիսի դատավորների համար նախատեսում է մինչեւ իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակ ստանալու հնարավորություն: Ընդ որում, ժամկետ է սահմանվել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:
Այսպիսի կարգավորմամբ օրենք մեր երկրում գործում է առաջին անգամ: Այդ կարգավորումն ուղղակիորեն առնչվում է Սահմանադրական դատարանի անկախությանն ու դատավորների կարգավիճակին: Այս մասին նշել է նաև Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) այդ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքում:
Վաղ կենսաթոշակին առնչվող կարգավորումների գործադրումը պետք է լինի բացառապես կամովին՝ առանց որևէ տեսակի ճնշման կամ անգամ նման ռիսկի:
Ցանկացած գործընթաց պետք է ընթանա հենց այս սկզբունքին խիստ համապատասխան:
- Վերը շարադրվածը և այն, որ քրեական հետապնդումն իրականացվում է հենց այս օրենքի գործողության ընթացքում, քրեական գործի քննության առնչությամբ քրեական հետապպնդման մարմինների համար առաջ է բերում իրավական առավել մեծ բեռ՝ բացառելու համար որևէ ճնշում կամ անգամ այդպիսի ընկալման հնարավորություն Սահմանադրական դատարանի կամ դատարանի դատավորների նկատմամբ՝ քրեական գործի քննության ընթացքում ապահովելով առավելագույն թափանցիկություն և որևէ տեսակի ճնշման իսպառ բացակայության հանրային ընկալում:
4. Այս բոլոր հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: