ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԻՊ-ի առջև չկան և չեն կարող լինել որևէ քաղաքական խոչընդոտներ. Միրզոյան

ՄԻՊ-ի առջև չկան և չեն կարող լինել որևէ քաղաքական խոչընդոտներ. Միրզոյան

Քանի որ օմբուդսմենն իրապես համարվում է խորհրդարանական իրավապաշտպան, որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար՝ ուզում եմ վերահաստատել, որ այս ինստիտուտի առջև չկան և չեն կարող լինել որևէ քաղաքական խոչընդոտներ գործառույթների լավագույն իրականացման համար։ Այս մասին խորհրդարանում ընթացող ՄԻՊ-ի գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝   ի սկզբանե ստեղծված լինելով որպես որևէ մարմնից ու ազդեցությունից անկախ հաստատություն՝ այս տարիների ընթացքում օմբուդսմենի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ անցնել և կայանալ։ Այնուամենայնիվ, ըստ նրա,  ինչպես ՀՀ-ում բազմաթիվ այլ ինստիտուտներ ու մեխանիզմներ վերջին երկու տասնամյակից ավելի ընկած ժամանակահատվածում, այնպես էլ ՄԻՊ գրասենյակն իր կայացման ճանապարհին հաճախ հանդիպել է քաղաքական մեծ խոչընդոտների, որոնք թույլ չեն տվել ամբողջապես իրականացնել Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված լիազորությունները, և սա տեղի է ունեցել իրական ժողովրդավարական հասարակություն կայացնելու քաղաքական կամքի բացակայության պատճառով։

Արարատ Միրզոյանը նշեց, որ 2018 թվականից ի վեր, երբ ՀՀ քաղաքացիները ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատությունները, ՀՀ-ում ստեղծված են լավագույն պայմանները՝ օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքների համար։

«Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարևորագույն դեր կարող է ստանձնել մարդկանց՝ տարիներ ի վեր ոտնահարված իրավունքների պաշտպանության և վերականգնման գործում։ Քանի որ օմբուդսմենն իրապես համարվում է խորհրդարանական իրավապաշտպան, որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար՝ ուզում եմ վերահաստատել, որ այս ինստիտուտի առջև չկան և չեն կարող լինել որևէ քաղաքական խոչընդոտներ գործառույթների լավագույն իրականացման համար։ Եվ մենք հանդիսանում և հանդիսանալու ենք այս ինստիտուտի գործունեության երաշխավորը»,- ասաց ԱԺ նախագահը։

Արարատ Միրզոյանը հայտնեց, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծապես աճել է քաղաքացիների վստահությունը ՄԻՊ ևնրա գրասենյակի նկատմամբ, ինչի մասին խոսում է այստեղ ուղղվող դիմումների էական աճը։

ԱԺ նախագահը նաև հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո նոր ԱԺ-ն սերտորեն համագործակցում է ՄԻՊ գրասենյակի հետ։ Նա կարևորեց օրենսդրական ակտերի, նախագծերի տեսքով առաջարկները, որ պարբերաբար ստանում են ՄԻՊ-ից, ինչպես նաև այն, որ մինչև ընդունվելը՝ օրենքների նախագծերը համապատասխան փորձաքննություն են անցնում պաշտպանի աշխատակազմում։

  • Կիսվել: