չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն է վերադարձվել երկար ժամանակ կալանքի տակ գտնվող ավտոմեքենան

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն է վերադարձվել երկար ժամանակ կալանքի տակ գտնվող ավտոմեքենան

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել այն մասին, որ իր հորը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա երկար ժամանակ է, ինչ քրեական գործի քննության ընթացքում կալանք է դրված: Դիմողը, մասնավորապես, նշել է, որ ավտոմեքենայի վրա կալանք դրվել է դեռ գործի նախաքննության ընթացքում:

Հետագայում իր հայրը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, դատավճռով սահմանվել է, որ այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերացվի նախաքննության մարմնի որոշմամբ մեղադրյալին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա դրված կալանքը՝ տեղեկացնում են Պաշտպանի գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել դեռ 2020 թվականի հունվարի 29-ին, սակայն ավտոմեքենան սեփականատիրոջն այդպես էլ չի վերադարձվել:

Դիմողը տեղեկացրել է, որ դիմել է տարբեր պետական մարմիններ, սակայն դրական արդյունքի չի հասել. խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հարցի լուծման ուղղությամբ:

Բողոքի քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը անհրաժեշտ աշխատանքներ է նախաձեռնել դատարանի աշխատակազմի և ոստիկանության հետ:

Արդյունքում՝ քաղաքացուն է վերադարձվել դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 5 ամիս պահվող ավտոմեքենան, որի վերադարձի պահանջ նախատեսվել էր հենց այդ դատական ակտով:

  • Կիսվել: