ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է ԵՄ փորձագիտական խմբին

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է ԵՄ փորձագիտական խմբին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ ներքին անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ներառյալ՝ խտրականության դեմ պայքարի, ընտանեկանև կենցաղային բռնության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, իրավապահ մարմինների գործունեության և քրեական արդարադատության ոլորտում անձանց իրավունքների պաշտպանության առնչությամբ, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկայի և վարչական ձերբակալման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ խնդիրները, Հայաստանում «Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP)» դատական գործընթացները և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նշված ոլորտներում առկա վիճակը և Պաշտպանի հաստատության հետագա գործողությունները։

Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդգծել է հանդիպման կարևորությունը ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի կազմման համատեքստում:

ԵՄ առաքելության փորձագետները ապրիլի 7-11-ը Հայաստանում կուսումնասիրեն և կգնահատեն ներքին անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների ոլորտում Հայաստանի Հանրապետության պատրաստվածության առկա իրավիճակը՝ ուսումնասիրելով ընթացիկ
իրավիճակը, կբացահայտեն բացերն ու կարիքները, կկատարեն եզրակացություններ և կձևակերպեն կոնկրետ հենանիշեր՝ եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը բարձր է գնահատում ԵՄ փորձագիտական առաքելության
հետ համագործակցությունը և կարևորում դրա շարունակականությունը։

  • Կիսվել: