հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:

Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։

Կարևոր է նաև, որպեսզի այս իրավիճակում հասարակական և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցները ոչ միայն բացառեն ատելություն, բռնություն կամ անհանդուրժողականություն քարոզող  ցանկացած խոսք, այլ հակազդեն նման խոսքին:

Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Այդպիսի միջավայրին պետք է նպաստեն ինչպես պետական իրավասու մարմիններն ու պաշտոնատար անձինք, այնպես էլ հանրային և քաղաքական այլ գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները։

Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն  աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում  իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։

  • Կիսվել: