չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Մինասյանը հանրային պաշտոն զբաղեցնելուց հետո որևէ պահի չի իրականացրել օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն և անհամատեղելիության պահանջի որևէ խախտում թույլ չի տվել. պարզաբանում

Մինասյանը հանրային պաշտոն զբաղեցնելուց հետո որևէ պահի չի իրականացրել օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն և անհամատեղելիության պահանջի որևէ խախտում թույլ չի տվել. պարզաբանում

ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսօր մամուլում տեղ են գտել հրապարակումներ այն մասին, որ 2022 թվականին ՀՀ Արդարադատության նախարար նշանակված Գրիգոր Մինասյանը միաժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
 
Նշված հրապարակումը սուտ է և ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: ՀՀ արդարադատության նախարար Գ. Մինասյանը հանրային պաշտոն զբաղեցնելուց հետո որևէ պահի չի իրականացրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն և անհամատեղելիության պահանջի որևէ խախտում թույլ չի տվել:
 
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հրապարակման մեջ վկայակոչված օրենսդրական կարգավորման համաձայն նախարար Մինասյանը իրեն պատկանող «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 60%-ի բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել դեռևս 2022 թվականի հունվարի 14-ին` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց երկու օր անց` բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելով ֆիզիկական անձի հետ: Թեև տվյալ պահին գործող օրենդրությունը նշված պայմանագրի պետական գրանցման պահանջ չէր սահմանում, այդուհանդերձ, կնքված պայմանագիրը նաև ներկայացվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
 
Մամուլում տարածված հրապարակման պատճառը կատարված օրենսդրական փոփոխություններին անտեղյակությունն է:
 
2022թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներով այժմ արդեն հավատարմագրային կառավարիչ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները, իսկ բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիրն անհրաժեշտ է ներկայացնել պետական գրանցման:
 
Էական ենք համարում ընդգծել, որ`
 
- նոր իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտել 2023 թվականի հունվարից
- կարգավորումներից որևէ մեկը չի տարածվում նախկինում ծագած հարաբերությունների վրա
- կարգավորումներից որևէ մեկը չի նախատեսում մինչև դրանց ուժի մտնելը եղած դրության փոփոխություն:
 
2023 թվականի հունիսի 23-ին Գրիգոր Մինասյանը որոշել է լուծել նախկինում կնքված պայմանագիրն ու կնքել բաժնեմասի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր: Նոր պայմանագրի կնքումը հաջորդել է հիշատակված օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուն, հետևաբար, այն արդեն կնքվել է առևտրային կազմակերպության հետ և ներկայացվել պետական գրանցման:
 
Քանի որ մամուլում տարածված հրապարակման հեղինակ փաստաբան Արսեն Բաբայանը ենթադրաբար լիարժեք չի տիրապետում իրավական նոր կարգավորումներին, ուստի հայտարարել է, որ դրանց համաձայն կնքված և պետական գրանցման ներկայացված բաժնեմասի հավատարմագրային կառավարման այս նոր պայմանագիրն առաջինն է, իսկ մինչ այդ նախարար Մինասյանն իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն:
 
Մինչդեռ 2022 թվականի հունվարի 14-ին կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի մասին տեղեկությունն առկա է նաև պարոն Մինասյանի 2022թ. Գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում»:
 
Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում շուրջ վեց ամիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

  • Կիսվել: