հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մինասյանի տեսանյութի հիման վրա հարուցված քրգործը, որով անցնում էր Վանեցյանը, կարճվել է

Մինասյանի տեսանյութի հիման վրա հարուցված քրգործը, որով անցնում էր Վանեցյանը, կարճվել է

Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ֆեյսբուքյան տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը, որով անցնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, կարճվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա հայտեց, որ քրեական գործը կարճված է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Սոցկայքում հրապարակած տեսանյութում Միքայել Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել հայաստանյան հիմնադրամներից մեկին, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ:

Քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:


  • Կիսվել: