ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ՀՀ և ԱՀ մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետախուզման փորձերը կանխելու համար. Դատախազություն

Միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ՀՀ և ԱՀ մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետախուզման փորձերը կանխելու համար. Դատախազություն

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները, հղում կատարելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից վերոնշյալ անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումը որևէ իրավական հիմք չունի և, ըստ էության, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ազգային ատելության շարժառիթներով իրականացվող պատերազմական գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ՀՀ գլխավոր դատախազությունը դրանց մասին հայտնի դառնալուց հետո դիմել է ապօրինի հետախուզման դեմ ուղղված կանխարգելիչ քայլերի:

Միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ:

Այս առումով հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին:

  • Կիսվել: