երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Միջազգային ներդրումային արբիտրաժը որպես զենք՝ Ադրբեջանի ագրեսիայի դեմ

Միջազգային ներդրումային արբիտրաժը որպես զենք՝ Ադրբեջանի ագրեսիայի դեմ

2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր բարբարոսական հարձակումները Արցախի դեմ։ Շարունակական ագրեսիայի գործողությունները առաջացրել են մարդու իրավունքների, հումանիտար և տեղահանվածների հսկայական ճգնաժամ, որն իր մեջ ներառում է եվրոպական նորագույն պատմության մեջ ամենասարսափելի նման աղետը: Այս մասին գրել է GPartners իրավաբանական գրասենյակի ղեկավար Սարգիս Գրիգորյանը:

Նա նաեւ նշել է. «Առկա են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների և ռազմական հանցագործությունների կատարման ապացույցներ։ Նույն կերպ, Ադրբեջանի ագրեսիվ պատերազմը լուրջ վնասներ և կորուստներ է պատճառել Արցախի ենթակառուցվածքներին և այլ ոլորտներին (մասնավորապես էներգետիկայի, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, բանկային և այլն), որտեղ կային օտարերկրյա ներդրումներ։

Միջազգային իրավունքի համաձայն՝ օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն փոխհատուցում պահանջել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կրած կորուստների համար։ Այս ներդրողները կարող են միջազգային հայցեր ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ մի շարք ներդրումային համաձայնագրերի հիմնա վրա (52 երկկողմանի պայմանագիր)՝ փոխհատուցում պահանջելու ներդրող-պետություն միջազգային արբիտրաժի միջոցով:

2023 թվականի հոկտեմբերի 2-ին մենք հիմնադրել ենք Ներդրումային Պահանջների Նախաձեռնությունը (Investment Claim Initiative), որը կուսումնասիրի և կառաջարկի իրավական գործիքակազմը՝ Ադրբեջանի դեմ, միջազգային ներդրումային պահանջների կառավարման համար: ICI-ը կհամագործակցի Ջորջթաունի իրավաբանական դպրոցի և այլ հաստատությունների հետ՝ ուսումնասիրելու այս խնդիրները՝ միջազգային իրավունքի սկզբունքների և պրակտիկայի լույսի ներքո:

ICI-ը պարտավորվում է պատասխանատվության ենթարկել ագրեսորին իր պատճառած վնասների համար:

ICI-ը հրավիրում է բոլոր օտարերկրյա ներդրողներին ներկայացնել ապացույցներ, որպեսզի կարողանան պարզել կոնկրետ հանգամանքները և իրենց ներդրումներին պատճառված կոնկրետ կորուստներն ու վնասները:

ICI-ը կօգնի լուծել ագրեսիայի հետևանքով կորուստների իրողությունները և, միաժամանակ, խթանել արդարությանը միջազգային մակարդակով:

  • Կիսվել: