Միգուցե դուք հիմք եք ընդունել այն չափանիշը՝ ընտրեք նրա՞նց, որոնք պատրաստ են ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա. փաստաբան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մարտի 1»-ի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին՝ դատական նիստերը կոչելով ֆարս, անբովանդակ միջոցառում։
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դեռ օգոստոսի 4-ի դատական նիստում իրենք միջնորդություն էին ներկայացրել, որով պահանջել էին դադարեցնել այս գործով տուժողների, տուժողների իրավահաջորդների դատարան հրավիրելն այդ կարգավիճակում և միջնորդել էին նրանց դատարան հրավիրել վկայի կարգավիճակով:
«Այս գործը չի քննվում ո՛չ մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ, իսկ տուժողները, որոնք ներգրավված են եղել, նրանք ներգրավված են եղել կա՛մ մարմնական վնասվածքներ ստանալու պատճառով, կա՛մ գույքային վնաս իրենց պատճառելու հիմքով, կա՛մ տուժողի իրավահաջորդներն էլ ներգրավված են եղել, որովհետև նրանց հարազատները սպանված են եղել: Այս գործը, որը հիմա քննվում է դատարանում, չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածքներին, և ո՛չ էլ գույքային վնասին»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը հիշեցրեց, որ դատարանն այդ միջնորդության քննությունն ընդհատել էր, քանի որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նիստի երկրորդ մասին չէր ներկայացել: Սակայն երեկ դատարանն այդ հարցը քննել էր առանց Տիգրան Եգորյանի:
Ըստ Հայկ Ալումյանի, մարտի 1-ի սպանությունների ու մարմնական վնասվածքների վերաբերյալ գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում, և հենց այդ գործով պետք է տուժողները ներկայացնեն իրենց պահանջներն ու ունենան տուժողի իրավահաջորդի կարգավիճակը։
Փաստաբանի խոսքով, հաջորդ հանգամանքը, որն իրենց մոտ զարմանք է առաջացնում, Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ներգրավված տուժողների և տուժողների իրավահաջորդների թիվն է:
«Մարտի 1-ի բուն գործում, որը ՀՔԾ վարույթում է, կա 268 տուժող ճանաչված անձ, մինչդեռ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործում առանձնացրել են 102 տուժող ճանաչված անձի: Որն է այդ չափանիշը, որ ընտրել եք 102-ին։ Միգուցե դուք հիմք եք ընդունել այն չափանիշը, որ ընտրեք հենց նրա՞նց, ովքեր որ պատրաստ են Մարտի 1-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա: Միգուցե է՞դ է ձեր չափանիշը: Եթե ոչ, ապա բացատրեք ձեր չափանիշը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այս հարցը երեկ բարձրացրել են դատարանում, սակայն ըստ նրա, դատավորն ամբողջությամբ հանդես է եկել մեղադրողների կողմից։որևէ պատասխան չեն ստացել:
Փաստաբանի խոսքով, հստակ տպավորություն կա, որ մեղադրողներն այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք, ու եթե առարկում են որևէ միջնորդության դեմ, իրենց առարկությունները դատարանը դիտում է՝ որպես վետո, որից հետո անընդունակ է որևէ այլ որոշում կայացնել, քան այն, ինչ նիստի ժամանակ հայտարարել են դատախազները։
Հայկ Ալումյանը նշեց նաև, որ բացի ընդմիջումների վերաբերյալ միջնորդությունների բավարարումից, պաշտպանական կողմի միակ միջնորդությունը բավարարվել է, երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հանրապետությունից կարճ ժամանակով բժշկական ծառայություններ ստանալու նպատակով բացակայելու վերաբերյալ հարցը։
«Պաշտպանական կողմի որևէ այլ միջնորդություն, կրկնում եմ ընդմիջումներից բացի, դատարանը մինչև այսօր չի բավարարել»,- ասաց Հայկ Ալումյանը։


