ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Շվեդիայում մահացած ՀՀ քաղաքացու գործով հայցն ընդդեմ Շվեդիայի

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Շվեդիայում մահացած ՀՀ քաղաքացու գործով հայցն ընդդեմ Շվեդիայի

Շվեդիայում մահացած ՀՀ քաղաքացու գործով հայցն ընդդեմ Շվեդիայի, ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց մահացածի փաստաբան Մարկ Սաֆարյանը։

«Շվեդիայի կառավարությունը ներգրավված է պրոցեսի մեջ։ Եվրադատարանը Շվեդիայի կառավարությանը մինչև նոյեմբեր ժամանակ է տվել հաշտության գալու համար, որը ենթադրում է ֆինանսական փոխհատուցում, որ գործը կարճվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2017թ․ Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում՝ շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Դավիթ Բարսեղյանը մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան ընկերների հետ խանութից դուրս գալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը և թույլ չեն տվել նրան հասցնել հիվանդանոց։

Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի տրամադրվել, նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է: Նրա և ընկերների դեմ՝ շվեդական իրավապահ մարմիների կողմից իրականացվածի դեմ այդպես էլ գործ չի հարուցվել: Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա։

Փաստաբան Մարկ Սաֆարյանը նշեց, որ շատ բացառիկ երևույթ է, որ ընդդեմ Շվեդիայի կառավարության կյանքի իրավունքի և դատական պաշտպանության իրավունքի հոդվածովներով գործը Եվրադատարանի կողմից վարույթ ընդունվի։ «30 տարում 2-3 նման գործ է Շվեդիայի դեմ վարույթ ընդունվել։ Դա անհավանական է։ Շվեդները միշտ, կոպիտ ասած, կարողացել են տակից դուրս գալ»,- ասաց նա։

Շվեդիայում Դավիթ Բարսեղյանի գործով իրավապահ մարմիների դեմ գործ չհարուցելը, ըստ նրա, խայտառակ երևույթ էր․ փաստեր կային, որ նրանք իրենց անգործության պատճառով սպանել են մարդուն։ «Դա փաստ է։ 400 էջ նախաքննությունն է եղել, փաստեր կան, որ ապացուցում են այդ ամենը։ Պարզապես այստեղի դատախազները եկան այն եզրակացության, որ ոստիկանները չեն հասկացել, որ Դավիթ Բարսեղյանը լավ չի զգում իրեն։ Ինսուլտի փաստը իրենք իբրև թե շփոթել են պասիվ դիմադրության հետ։ Բոլոր հարցերին տարօրինակ բացատրություններ են եղել»,- ասաց նա։

Վարույթ ընդունված գործը Եվրադատարանը դեռ պետք է քննի։ Մարկ Սաֆարյանի խոսքով՝ եթե Եվրադատարանը գործն ընդունում է վարույթ, նշանակում է, որ շատ լուրջ հիմքեր ունի հայցը բավարարելու։ «Մինչև նոյեմբերի 5-ն է տրված ժամկետ՝ ընդհանուր հայտարարի գալու համար։ Եթե մինչ այդ ընդհանուր հայտարարի չգան, պրոցեսը շարունակվելու է։ Չեմ կարող ասել, թե ինչ փոխհատուցում է առաջարկվում, գաղտնիություն պահելու խնդիր կա, բայց կարող եմ ասել, որ իրավահաջորդները տրամադրված են շատ վճռական՝ արդարության հասնելու համար։ Դա է նրանց համար ամենակարևորը»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Եվրադատարանի կողմից ՀՀ քաղաքացու վերաբերյալ գործի վարույթ ընդունվելու մասին զեկուցվել է նաև ՀՀ կառավարությանը։

Խոսելով այս գործի հետ կապված ՀՀ կառավարության ներգրավման անհրաժեշտության մասին՝ Մարկ Սաֆարյանը հիշատակեց, որ զոհվածի ընտանիքի անդամները բազմիցս դիմել են ՀՀ կառավարությանը, վերջերս էլ վարչապետին են նամակ ուղարկել, ստացել են պատասխան։

«Այսպես ասեմ՝ Շվեդիայում ՀՀ դեսպանությունը Դավիթ Բարսեղյանի մահվան օրվանից մինչև այսօր ցուցաբերել է անտարբերություն, ինչն իրականում պետության համար ամոթ է։ Այս դեպքն ի սկբանե մեծ հնչեղություն ստացավ։ Դեսպանի մակարդակով փորձ էր արվում փաստաբանին ճնշել։ Ես, որպես Շվեդիայի փաստաբանների անդամ, որպես հայ, ամոթ եմ զգում Շվեդիայում ՀՀ դեսպանատան նման վերաբերմունքի համար։ Եթե նման իրավիճակում իրենց քաղաքացուն չեն պաշտպանում, ապա նրանց գործառույթը ո՞րն է։ Աջակցություն ասելով՝ մենք հասկանում էինք, որ գոնե հայտարարություն լիներ, ցույց տային, որ գոնե հետաքրքրված են իրենց քաղաքացուն վերաբերող հարցերով»,- ասաց նա։

Մարկ Սարֆարյանը պատմեց, թե անձամբ իրեն ինչպես են դիմել ՀՀ դեսպանատնից։ «Դեպքի երկրորդ օրը ես հեռախոսազանգ եմ ստանում դեսպանատան ներկայացուցիչ Արշակ Մանուկյանից։ Նա ոչ քաղաքակիրթ, փողոցային տոնով ասում էր՝ «վերջ տվեք, այլապես մահացածի մարմինը Հայաստան չի հասնի»։ Այդ խոսակցության մասին շատերը գիտեն, պարզապես մտածել էի հրապարակել այդ մասին վերջում՝ որպես ամոթանք։ Այն ժամանակ դեսպանը ներկայիս փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանն էր, որն էլ ընդհանրապես հետաքրքրություն չցուցաբերեց այս գործի նկատմամբ»,- ասաց նա։

Հինա արդեն, Մարկ Սաֆարյանի խոսքով, սպասում են գործի վերջնական հանգուցալուծմանը։ Եթե մինչև նոյեմբեր հաշտություն չլինի, ապա, ըստ նրա, գործը կքննվի Եվրադատարանում։ «Շատ արագ է գործընթացը լինելու։ Տարիներ չեն պահանջվելու»,- ասաց նա։

  • Կիսվել: