շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԻԵԴ-ի նոր վճիռը Հայաստանի դեմ. կառավարությունը պետք է տրամադրի 50 հազար եվրո

ՄԻԵԴ-ի նոր վճիռը Հայաստանի դեմ. կառավարությունը պետք է տրամադրի 50 հազար եվրո

ՄԻԵԴ-ը նոր վճիռ է կայացրել Հայաստանի դեմ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը վերաբերում է Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010-ին մահացած Վահան Խալաֆյանի գործին:

ՄԻԵԴ վճռով հաստատվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանել ոստիկանության բաժին անօրինական բերման ենթարկված Խալաֆյանին, խախտվել են կյանքի և խոշտանգումների արգելքի իրավունքները:

2010 թվականին գողության կասկածանքով 24-ամյա Վահան Խալաֆյանը տարվել էր Չարենցավանի ոստիկանության բաժին, որտեղ չի տվել ինքնախոստովանական ցուցմունք, ինչից հետո նրա նկատմամբ սկսել են բռնություն կիրառել։ Պաշտոնական վարկածում առկա տվյալների համաձայն, բերման ենթարկվելուց կարճ ժամանակ անց Խալաֆյանը, ոստիկանական սենյակի պահարանից վայրկյանների ընթացքում վերցրել է խոհանոցային դանակը, բարձրացրել վերնահագուստը, իջեցրել տաբատը ու 2 անգամ հարվածել է իր որովայնին, ինչից հետո ընկել է հատակին։ Տեղում փորձել են ցուցաբերել օգնություն, կանչել են շտապօգնություն, 40 րոպե անց նա հիվանդանոցում մահացել է։

Դատարանը մեղավոր էր ճանաչել 2 ոստիկանի՝ լիազորությունները գերազանցելու հոդվածով, ընդ որում՝ նրանցից մեկը պայմանական է ազատազրկվել։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի վճիռը, իսկ Վճռաբեկ դատարանը գործը քննության չի ընդունել։

Խալաֆյանի մայրը և հարազատները վիճարկել են ինքնասպանության վարկածը, պնդել, որ բազմաթիվ ապացույցներ չեն հետազոտվել։

ՄԻԵԴ-ը կասկածի տակ է դնում նաև դատաբժշկական փորձաքննությունների օբյեկտիվությունը, քանի որ փորձագետները ինքնասպանության վարկածը դիտարկել են որպես հաստատված փաստ։ ՄԻԵԴ-ը նաև նկատել է, որ Խալաֆյանը, փաստորեն, իրականում մոտ ութ ժամ մնացել է ոստիկանական բաժանմունքում նախքան դանակահարությունը, սակայն իշխանությունները այդպես էլ ջանք չեն գործադրել՝ պարզելու, թե նա այնտեղ ինչ վերաբերմունքի է արժանացել և իրականում ինչ հանգամանքներում մահացել։

Կառավարությունը դիմումատուներին համատեղ պետք է տրամադրի 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

  • Կիսվել: