երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՄԻԵԴ դիմելը ՍԴ նախկին դատավորների իրավունքն էր․ Արարատ Միրզոյան

ՄԻԵԴ դիմելը ՍԴ նախկին դատավորների իրավունքն էր․ Արարատ Միրզոյան

Սահմանադրական դատարանի նախկին նախագահը և նախկին դատավորները իրավունք ունեին գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը արել են, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Դա իրենց իրավունքն է, ինչը նրանք իրացրել են», -ասաց նա։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՄԻԵԴ-ը պետք է միջանկյալ զեկույց ներկայացնի այս հարցի կապակցությամբ, Միրզոյանը ասաց, որ այդ մասին ինքը որևէ տեղեկություն չունի և ոչինչ չի կարող ասել։

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից Հայաստանի կառավարությունը ստացել է Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և ՍԴ նախկին նախագահի ՄԻԵԴ ներկայացրած գանգատի վերաբերյալ հարցերը ու պատասխանել դրանց ըստ պատշաճի, այդ մասին InfoPort.am-ը տեղեկացավ Կառավարությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական փոփոխություններն ընդունելու արդյունքում ՍԴ երեք դատավորներ Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը և Հրանտ Նազարյանը զրկվել էին պաշտոնից, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դադարել էր լինել ՍԴ նախագահ։ Նրանք այս հարցով դիմել Էին ՄԻԵԴ, իսկ Ալվինա Գյուլումյանը հայտարարել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ծանուցվել են այն մասին, որ ՄԻԵԴ-ը իրենց գանգատը կքննվի արագացված ընթացակարգով։

  • Կիսվել: