հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մի շարք գործերի քննության գրավոր ընթացակարգը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը. Գրիգորյան

Մի շարք գործերի քննության գրավոր ընթացակարգը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը. Գրիգորյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին առաջին ընթերցմամբ քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը:

Նրա խոսքով՝ բանավոր դատաքննության անհրաժեշտությունը վերանում է հատկապես ճանապարհային ոստիկանության կայացրած տուգանքների որոշումները բողոքարկելու և Երևանի քաղաքապետարանի դեմ հայցերի քննության ժամանակ, որոնց դեպքում կողմերի մասնակցությունը հիմնականում չի ապահովվում: Ավելացել են նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու իրավահարաբերությունների վերաբերյալ վարչական գործերի թիվը:

Գրիգորյանն ասաց, որ գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէ, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության ավելացմանը: Ուստի, առաջարկվում է վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի մշակման փուլում ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես Գերմանիայի, Էստոնիայի, ՌԴ-ի և Լեհաստանի:

 

  • Կիսվել: