չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեր հակակոռուպցիոն պայքարը ստացել է համաշխարհային ճանաչում․ Փաշինյան

Մեր հակակոռուպցիոն պայքարը ստացել է համաշխարհային ճանաչում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում անդրադարձել է ՀՀ–ում հակակոռուպցիոն պայքարին։

Նրա խոսքով․ «Հակակոռուպցիոն պայքարը մեր կառավարության ամենակարևոր ուղղություններից է, որը չեմ չափազանցնի, եթե ասեմ՝ ստացել է համաշխարհային ճանաչում։ Այսինքն՝ ընդունում են, որ ՀՀ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, կառավարող քաղաքական ուժն անշեղորեն և հետևողականորեն պայքարում է կոռուպցիայի դեմ։ Եւ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն կոռուպցիոն նախկին և ներկա դեպքերը բացահայտելն ու դրանց հետագա ճակատագիրը որոշելն է, այլև ստեղծել մեխանիզմներ, որ կոռուպցիան գործնականում հնարավոր չլինի։ Կանխիկի շրջանառության կրճատումը դրա ամենակարևոր ձևերից մեկն է»։

Նա նաև նշել է, թե քաղաքացիների ակնկալիքը հակակոռուպցիոն պայքարից ավելի մեծ է եղել․ «Մենք դա գիտենք, բայց մեր գործելակերպը եղել է հետևյալը, որ մենք համարել ենք, որ թե քաղաքական, թե քաղաքակրթական, թե օրենսդրության, թե պետականության առումով ճիշտ չի լինի մտնել որևէ մեկի ապօրինի ձեռք բերած գործարան, արտադրամաս, բնակարան, առանձնատուն և ասել՝ սա այլևս քոնը չէ, նկատի ունեմ ֆիզիկապես, հեղափոխական մեթոդներով ու ճանապարհով։ Եկել ենք այն եզրակացության, որ այս ճանապարհին պետք է ոչ թե գործեն անհատները, քաղաքական թիմերը»։

Ըստ նրա, այդ խնդիրը լուծելու համար որոշել են գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների ներդրումը։

 

  • Կիսվել: