երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր առաջարկած նախագծով զենքի թույլտվություն տրամադրելու կարգը եղածից խստացնում ենք. Վիլեն Գաբրիելյան

Մեր առաջարկած նախագծով զենքի թույլտվություն տրամադրելու կարգը եղածից խստացնում ենք. Վիլեն Գաբրիելյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծերի փաթեթի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ նախագիծը կարգավորում է ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի, քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաև ձեռքի մարտական հրաձգային զենքի և մարտական uառը զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները և ուղղված է մարդու կյանքի, առողջության և սեփականության պաշտպանությանը, հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը:

«Առաջարկած նախագծով զենքի թույլտվություն տրամադրելու կարգը մենք եղածից խստացնում ենք: Նախագծով ակնկալում ենք, որ պետք է զենքի նկատմամբ պատասխանատվության մշակույթ ձևավորվի հասարակության շրջանում: 2020 թվականից սկսած և առանձնահատուկ 44-օրյա պատերազմից հետո կրկնապատկվել է զենքի թույլտվություն ստանալու համար ոստիկանություն դիմած անձանց թիվը: Դա է եղել պատճառներից մեկը, որ մենք որոշել ենք՝ պետք է անդրադառնալ այս օրենքին»,- ասաց Գաբրիելյանը: 

Օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանն էլ ավելացրեց.

«Եթե զենքի կիրառմամբ հանցագործությունները տեղի են ունենում հաշվառված զենքով, ապա բացահայտումը շատ ավելի հեշտ է լինում, որովհետև մեր պարկուճադարանում կան այդ զենքի համապատասխան պարկուճներ, նույնականացումն ավելի հեշտ է դառնում»:

Այնուհետև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց Կառավարության առաջարկությունները:

«Նախագծով՝ առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերող քաղաքացին պարտավորվում է Կառավարության  կողմից երաշխավորված ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում անցնել զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացության կարճաժամկետ պարապմունք և ստանալ հավաստագիր: Տվյալ դրույթն ընդունելի է ոստիկանության համար, սակայն պետք է փաստել, որ դեռևս մշակված չեն տվյալ կառույցների գործունեության վերաբերյալ դրույթներ: Հետևաբար առաջարկում ենք, որ գուցե այս դրույթն ավելի ուշ մտնի ուժի մեջ:

Նախագծով ակոսափող հրազենի ձեռքբերման իրավունք քաղաքացին ստանում է 21 տարեկանից: Այս հարցը բավականին քննարկվել էր: Կառավարության տեսակետն եմ ներկայացնում, առաջարկվում է 21 տարին մի փոքր ավելի երկարացնել»,- ասաց Ֆիդանյանը:

Օրենքի նախագծի համահեղինակ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կքննարկեն Կառավարության առաջարկները: 

  • Կիսվել: