երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք կմտածենք մեր հետագա գործողությունների մասին․ Հայկ Ալումյան

Մենք կմտածենք մեր հետագա գործողությունների մասին․ Հայկ Ալումյան

Քանի որ դատարանը ցույց չտվեց, որ այսուհետ անհնար են նման միջադեպերը դատարանի դահլիճում, մենք կմտածենք մեր հետագա գործողությունների մասին։ Այս մասին դատական նիստից հետո լրագորղների հետզրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով նախորդ դատական նիստի ժամանակ տուժած կողմի ներկայացուցչի հնչեցրած արտահայտությանը։

«Այն փաստը, որ դատական նիստերի դահլիճում սպառնալիք կարող է հնչել, և դատարանը կարող է անվրդով վերաբերվել, դա է մեզ անհանգստանցնում»,- ասաց նա։

Նա իր խոսքում նաև նշեց, որ քանի որ դատարանը ցույց չտվեց, որ այսուհետ անհնար են նման միջադեպերը դատարանի դահլիճում, իրենք  կմտածեն իրենց հետագա գործողությունների մասին։ «Դատարանը պարտավոր է ապահովել դատավարության բնական ընթացքը։ Վերջին իրադարձությունները չի կարելի համարել բնական ընթացք։ Դատարանն իր դերում չէ։ Մենք հույս ունենք, որ դատարանը կանի ամեն ինչ, որպեսզի նման բան չկրկնվի։ Հակառակ դեպքում կմտածենք ինչպես վարվել, որպեսզի գալով նիստի՝ մտածենք գործի, այլ ոչ թե այն մասին, թե ով ինչ կարող է ասել։ Մեզ ճնշում է սպառնալիքների փաստը։ Մենք սպառնալիքներից չենք վախենում։ Բայց այն փաստը, որ դատարանի դահլիճում կհնչեն սպառնալիքներ եւ դատարանը դրան անվրդով կվերաբերվի, մեզ ընկճում է»,- ընդգծեց Ալումյանը։

Տեղեկացնենք, որ այսօրվա նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Փաստաբանը տեղեկացրել է դատարանին, որ չի մասնակցի նիստին, քանի որ դատարանն ի վիճակի չէ ապահովելու կողմերի մրցակցությունն ու թույլ է տալիս, որ վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեն:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ տուժած կողմի ներկայացուցչի «Մարտի 1-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես ինքներդ կհայտնվեք…» հայտարարությունը պաշտպանող կողմն ընդունեց որպես սպառնալիք:

 

 

  • Կիսվել: