ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք չենք կարծում, որ վեթինգի գործընթացը տապալվել է. Մակունց

Մենք չենք կարծում, որ վեթինգի գործընթացը տապալվել է. Մակունց

«Մենք չենք կարծում, որ տապալվել է վեթինգի գործընթացը, այլ գտնում ենք, որ շատ հարցերում միգուցե ավելի ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով վարչապետի և արդարադատության նախարարի երեկվա հանդիպմանը։

Նրա խոսքով, իրենք չեն համարում, որ ամեն ինչ կատարյալ է իրենց գործողություններում, բայց ձգտում են անել առավելագույնը, որպեսզի ավելի համապարփակ անդրադառնան դատաիրավական բարեփոխումներին։

«Մենք դրական ենք գնահատում այն ռազմավարությունը, որ մշակել է Արդարադատության նախարարությունը, պարզապես պետք է դրսևորենք հետևողականություն և իրականացնենք այդ ամենը»,- ասաց նա։

Լիլիթ Մակունցի խոսքով, բարեվարքությանը վերաբերող օրենքների շարքը կարող է գործնական առումով շատ դրական ազդեցություն ունենալ:

«Կան հոդվածներ, որ ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների մեջ են մտնում, և այն ձևակերպումներով, այն շեշտադրումներով, որ ենթադրվում էր վեթինգը, չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս, բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանը առնչվող այս օրենքների շարքը չի անդրադառնում և չի լուծում խնդիրների մեծամասնությունը»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեն՝ վեթինգ իրականացնելու համար, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ նշելով, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված արդեն աշխատանքային խումբը ձևավորված է, որում  ներգրավված են մասնագետներ, ընդդիմության, իշխանության, քաղհասարակության ներկայացուցիչներ:

«Եթե համընդհանուր կոնսենսուսով որոշվի, որ ինչ-որ մի ուղղություն կարևոր է և օգտակար է Հայաստանի Հանրապետության և օրենքի գերակայության հաստատման համար, ապա վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: