հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեկնարկել է ՄԻՊ-ի աշխատակազմի վերապատրաստման եռօրյա դասընթաց-աշխատաժողովը

Մեկնարկել է ՄԻՊ-ի աշխատակազմի վերապատրաստման եռօրյա դասընթաց-աշխատաժողովը

Հուլիսի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկել է Պաշտպանի աշխատակազմի վերապատրաստման եռօրյա դասընթաց-աշխատաժողովը՝ նվիրված միջազգային համագործակցության ոլորտում Պաշտպանի հաստատության կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։

Վերապատրաստումն իրականացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության շրջանակում։

Դասընթացը մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի բացման խոսքով։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին դիմումին արագ արձագանքելու համար և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու գրասենյակի միջև համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը։

Պաշտպանը հատուկ կարևորություն է տվել ՄԱԿ-ի բոլոր մասնագիտացված մարմինների հետ հաստատության մանդատի շրջանակներում աշխատանքն ակտիվացնելու հարցին և վստահություն հայտնել, որ կարողությունների զարգացման նման միջոցառումները կապահովեն շոշափելի արդյունքներ։

Դասընթացը վարելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Ազգային հաստատությունների և տարածաշրջանային մեխանիզմների հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Աֆարին Շահիդզադեն:

Աշխատաժողովի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի կքննարկվեն մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության միջազգային չափորոշիչները, համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև մարդու իրավունքների հաստատությունների կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի Հավատարմագրման ենթակոմիտեի կողմից մշակված Ընդհանուր դիտարկումներն ու հավատարմագրման ընթացակարգը։

 

  • Կիսվել: