Մեղադրանքն ինձ հետ կապ չունի. Ղուկաս Ուլիխանյանը՝ իր օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու քրգործի մասին
ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական գործը Ղուկաս Ուլիխանյանի հետ կապ չունի։ Այս մասին NEWS.am-ին ասաց Ղուկաս Ուլիխանյանը։
Նա չցանկացավ մեկնաբանել հարուցված քրեական գործը. «Դա ինձ հետ բացարձակ կապ չունի»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՔԾ-ն տարածեց հաղորդագրություն, ըստ որի, այդ ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ա. Բաբայանը ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է տվել։
Մասնավորապես, տեղեկանալով, որ Երեւան քաղաքի բնակիչներից մեկը որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետական միջոցների հաշվին իրականացնելու խնդրանքով, Ա. Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել կայանալիք ընտրություններին եւ կողմ քվեարկել իր ներկայացրած անձի` պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին՝ խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է՝ ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը:
Բաբայանին առաջադրվել է մեղադրանք եւ գործն ուղարկվել դատարան: