չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մայրաքաղաքի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը

Մայրաքաղաքի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ոստիկանությունում նոր կազմավորվող պարեկային ծառայության  համար նախատեսված հնգամսյա դասընթացին մասնակցող սովորողներն այսօր երդվեցին անմնացորդ նվիրվել հայրենիքին, պետությանն ու ժողովրդին:

Երդման արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ: 

Միջոցառման մեկնարկին հյուրերը ծաղիկներ խոնարհեցին ծառայության և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված ոստիկաններին նվիրված հուշակոթողին:

«Այսօր նշանակալի օր է, քանի որ սկիզբ է դրվում նոր ոստիկանության ստեղծմանը: Ձեր բարեխիղճ ծառայությունը միտված է ոչ միայն հանցավորության դեմ պայքարին, հասարակական կարգի ամրապնդմանը, այլև ծառայելու հասարակությանը և լինելու յուրաքանչյուր քաղաքացու կողքին»,- շնորհավորական իր ուղերձում նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, դիմելով պարեկային ծառայության  սովորողներին, նույնպես շնորհավորեց ու մաղթեց բարի երթ և պատվարժան ծառայություն. «Դուք այսօր երդվեցիք հավատարիմ լինել սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը: Այս օրը նշանավորվեց որպես մեծ ճանապարհի մի կարևոր հանգրվան»: 

Միջոցառումն ավարտվեց հանդիսավոր քայլերթով:

  • Կիսվել: