Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական նոր կայքէջը՝ գործարկման փուլում
Մեկնարկել են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական նոր կայքէջի գործարկման և նախկին կայքէջի տվյալների տեղափոխման ու արխիվացման տեխնիկական աշխատանքներ։
Տեղեկացնում ենք, որ գործընթացը ծավալուն և ժամանակատար է, ուստի անցումային այս փուլում հնարավոր են առանձին տեխնիկական խնդիրներ։ Մասնավորապես, նոր կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են ժամանակավորապես անհասանելի լինել կամ վերահղվել գլխավոր էջ, ինչը պայմանավորված է բացառապես նոր հարթակի գործարկման և տվյալների արխիվացման տեխնիկական գործընթացներով։ Այս առումով հայցում ենք բոլորի ներողամտությունը:
Նշված համատեքստում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև «Հետքի» լրագրող Վահե Սարուխանյանի հրապարակմանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կայքից որոշ նյութերի հեռացման վերաբերյալ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում հրապարակված որևէ նյութ չի հեռացվել, չի խմբագրվել և չի ենթարկվել բովանդակային փոփոխության։ Նշված նյութերը շարունակում են պահպանվել ՄԻՊ հաստատության արխիվացված կայքէջում և այս պահին էլ հասանելի են հանրությանը՝ old.ombuds.am հարթակում։
Մինչ տեխնիկական աշխատանքների ավարտը, խնդրո առարկա նյութերը շարունակում են հասանելի մնալ հետևյալ հղումներով.
https://old.ombuds.am/am/site/ViewNews/1726
https://old.ombuds.am/am/site/ViewNews/1788
Միաժամանակ կարևոր ենք համարում նշել, որ հրապարակման մեջ բարձրացված հարցերի պարզաբանման նպատակով մինչ հրապարակումն իրականացնելը լրագրողը չի դիմել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը։
Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցների հետ ունեն կառուցողական գործընկերային համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի, մասնագիտական պատասխանատվության սկզբունքների և լրագրողների հետ հաղորդակցությունը արագ արձագանքման տրամաբանությամբ իրականացնելու գաղափարի վրա։ Այդ առումով ՄԻՊ հաստատությունը համանմանորեն կարևորում է նաև լրագրող գործընկերների կողմից հաղորդակցության գործընթացում մասնագիտական էթիկայի, փաստերի ստուգման և հավաստի տեղեկատվության տարածման սկզբունքների պահպանումը, և «պատասխանատու լրագրության» սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց է համարում տեղեկատվության ներկայացման ցանկացած ձևաչափ, որը չի համապատասխանում նշված չափանիշներին։
Ներկայում նոր կայքէջի գործարկման աշխատանքները շարունակվում են՝ ապահովելու նախկին և նոր կայքէջերում տեղադրված տեղեկատվության ամբողջական, անխափան և մատչելի հասանելիությունը։
Նոր կայքէջի լիարժեք գործարկման մասին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պաշտոնապես կհայտարարի աշխատանքների ավարտից հետո։
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքի արդիականացման նախաձեռնությունը կյանքի է կոչվել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հետ համատեղ։



