շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենի թույլ տված շուրջ 7,6 մլն դրամի ապօրինությունները բացահայտվել են (տեսանյութ)

«Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենի թույլ տված շուրջ 7,6 մլն դրամի ապօրինությունները բացահայտվել են (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենը 2013-2020թթ. մշակույթի կենտրոնի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր բարեկամներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստկանությունից:

 

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մշակույթի կենտրոնի տնօրենը կազմակերպության երաժշտական մասի ղեկավարից, մենակատարից և խմբավարից, աշխատանքից ազատելու սպառնալիքով, տարիներ շարունակ պահանջել ու ստացել է նրանց աշխատավարձի մի մասը և յուրաքանչյուր տարվա արձակուրդային գումարները, իսկ աշխատակիցները աշխատանքը չկորցնելու համար ենթարկվել են տնօրենի պահանջներին։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով մշակույթի կենտրոնի տնօրենը շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 600 հազար դրամից ավելի կաշառք։

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

  • Կիսվել: