երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մաքսանենգ ճանապարհով 2019-ին Հայաստան է ներմուծվել շուրջ 574 բջջային հեռախոս

Մաքսանենգ ճանապարհով 2019-ին Հայաստան է ներմուծվել շուրջ 574 բջջային հեռախոս

2019 թվականին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է թմրամիջոցների, զինամթերքի, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր:

Ինչպես այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը,  հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դրամային արտահայտությունն ավելի քան 1 մլրդ 500 մլն դրամ է կամ 3 մլն դոլարից ավելի:

2019 թվականին հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցնելու, չհայտարարագրման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հանրապետություն ապօրինի ներմուծված շուրջ 574  բջջային հեռախոս, ավելի քան 5կգ ոսկյա և արծաթյա զարդեր, շուրջ 60 կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից սկսվել է 56 վարչական վարույթ:

Վարդան Վարդանյանը նշեց նաև, որ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը: Նրա խոսքով, 2019 թ-ին կենտրոնի շնավարժ-կինոլոգներն իրենց կցված հատուկ մասնագիտացված ծառայողական շների հետ միասին 20 դեպքով հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում` հերոին, ափիոն, մեթամֆետամին, մարիխուանա, հաշիշ եւ բուպրենորֆին տեսակի:

«Այս ցուցանիշը աննախադեպ է շնագիտական կենտրոնի հայտնաբերումների պատմության մեջ։ Օրինակ՝ 2018 թվականի համեմատ՝ նախորդ տարի Շնագիտական կենտրոնի բացահայտումների աճը կազմել է 216%»,- ասաց նա։

 

  • Կիսվել: