ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մաքսակետի հերթափոխի պետը ապօրինի պահվում է արգելանքի տակ. Դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը, բայց ԱԱԾ քննչականը նրան ազատ չի արձակում

Մաքսակետի հերթափոխի պետը ապօրինի պահվում է արգելանքի տակ. Դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը, բայց ԱԱԾ քննչականը նրան ազատ չի արձակում

«Բավրայի» մաքսատան գործով մաքսակետի հերթափոխի պետի բարեկամները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, մերժել էր հերթափոխի պետին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, սակայն նրան ԱԱԾ քննչականը շարունակում է արգելանքի տակ պահել եւ դեռևս ազատ չի արձակվել: Նշենք, որ նրա ձերբակալման 72 ժամը լրացել է այսօր առավոտյան՝ ժամը 06.00-ի սահմաններում:

Պաշտպանը նշեց, որ այսօր առավոտյան պարզ է դարձել, որ քննիչը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նորից պահանջելով որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
«Դրա իրավունքը քննիչը պարզապես չունի: Քրեական դատավորության օրենսգիրքն այնպիսի կարգավորումներ է տալիս, որի դեպքում ես բացառում եմ այս գործի հանգամանքներում նա կարողանար որևէ օրինական ձևով այս միջնորդությունը ներկայացնել: Ամեն դեպքում՝ առավոտյան պարզ է դառնում, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել ու հասկանալի է դառնում, որ իրեն արգելանքի տակ պահում են ապօրինի, որ հանկարծ անձն ազատության մեջ հայտնվի կամ քննադատի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այսօր նշանակվել է դատական նիստ և պետք է քննարկվի նրա խափանման միջոցի հարցը, թեև դատարանն արդեն որոշել է, որ նա չպետք է կալանավորվի:

Գոռ Միքայելյանը նաև մտահոգություն հայտնեց այլ հանգամանքով: «Երեկ հերթապահ է եղել դատարանի Ավանի նստավայրը, այսօր հերթապահ է Շենգավիթի նստավայրը, բայց չեմ հասկանում, թե ոնց, միայն կարող եմ կանխատեսել ինձ համար պարզ է, թե ինչ նպատակով գործը մակագրվել է և այս գործը քննելու է Կենտրոն նստավայրի դատավոր Մնացական Մարտրոսյանը, որ այս գործով օբյեկտիվ քննության դեպքում չի կարող Դավիթ Հակոբջանյանը կալանավորվի»,- նշեց պաշտպանը:

Միքայելյանն ընդգծեց, որ պատրաստ չեն որևէ հարցում զիջելու, որովհետև ճիշտ են:

Հիշեցնենք՝ կառավարության փետրվարի 6-ի նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ, ինչից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:

  • Կիսվել: