հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալն անկողնային ռեժիմում է

Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալն անկողնային ռեժիմում է

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով նիստը  հետաձգվեց: Այսօրվա դատական նիստին ստացվել էր տեղեկանք և ամբուլատոր քարտից քաղվածք բուժհաստատությունից այն մասին, որ ամբաստանյալը  անկողնային ռեժիմում է և չի կարող ներկայանալ նիստին:

Պաշտպանները ներկայացրին միջնորդություն այն մասին, որ քանի որ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՓԲ ընկերությունը արգելանքի տակ է, զրկվել է հարկային պարտավորությունները՝ կոնկրետ  գույքահարկը վճարելու հնարավորությունից, ինչը տույժ-տուգանքներ է ավելացնում ֆինանսական պարտավորություններին և խոչընդոտ  ստեղծում ընկերության հետագա աշխատանքի համար: Պետական մեղադրողը  միջնորդեց հարցում իրականացնել բժշկական հաստատություն՝ պարզելու, թե որքա՞ն հաճախ է շտապօգնության կանչ գրանցվում նրա համար.

«Դրանով հնարավոր է պարզել՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանը խուսափում է  դատական նիստին ներկայանալուց»։

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանն էլ նկատեց, թե Մանվել Գրիգորյանը գտնվում է բժիշկների 24-ժամյա հսկողության տակ.« Նա Հայաստանում բուժօգնություն չի ստանում»։

«Մի հատ եկեք, տեսեք կամ կարող ենք օնլայն կազմակերպել, ուզում եմ հիշեցնել, թե ինչպիսի բժշկական ցուցանիշներ ուներ Մանվել Գրիգորյանը դատաքննության սկզբում և հիմա, եթե այն ժամանակ նրա խափանման միջոցը փոխվեր, հիմա հանգիստ կներկայանար դատական նիստերին»,- ասաց մյուս  պաշտպանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունների քննարկումը հետաձգեց,  քանի որ ներկայացված չէին համապատասխան փաստաթղթեր, դատական նիստը նշանակվեց  արտակարգ դրության ավարտից հետո ՝  2020 հունիսի 16-ին՝ ժամը 15:00-ին:

  • Կիսվել: