շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
«Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում, մյուս անգամ հանկարծ որեւէ մեկի հետ խոսակցության մեջ չմտնես». Կացարանի գործով դատավորը՝ վկային

«Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում, մյուս անգամ հանկարծ որեւէ մեկի հետ խոսակցության մեջ չմտնես». Կացարանի գործով դատավորը՝ վկային

Ազատի կացարանի հրդեհի գործով դատարանն այսօր՝ հունիսի 6–ին, իր հերթական նիստն է գումարել։

Դատարանում որպես վկա ցուցմունք տվեց զորամասի նյութապահովման վաշտի անձնակազմի անդամներից մեկը, ով ընդգրկված է եղել արտահաստիքային հրշեջ խմբում։ Տուժողների պաշտպանը հարց ուղղեց նրան, թե արդյոք ատական նիստերի դահլիճում  իրեն ցուցմունք տալուն կաշկանդող հանգամանք կա, իսկ դատավորն էլ հիշեցրեց, որ իհիչ առաջ ստորագրել է արձանագրություն, որ սուտ ցուցմունք տալու իրավունք չունի, իսկ սուտ ցուցմունքի դեպքում ենթակա է քրեական պատասխանատվության։

Այդ ընթացքում տուժողներից մեկի հարազատն էլ հեգնանքով ասաց. «Ջուր բերեք, թող խմի»։

Վկան արձագանքեց. «Եթե ջրի կարիք լինի, ես կխնդրեմ»։

Դատավորն իր հերթին դիմեց վկային. «Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում, մյուս անգամ հանկարծ որեւէ մեկի հետ խոսակցության մեջ չմտնես, պատասխանեք ձեր հարցերին»։

Իրավիճակը դատարանի դահլիճում լարվեց, հարազատներից մեկը բղավելով ասաց. «Դու ավելի լավ ա հարցերին պատասխանի, ոչ թե ինձ արձագանքի»։

Սա բարկացրեց վկային, ով հայտարարեց. «Եչ մի ձեւի հարց ես չունեմ տալու, ոչ մի բան չգիտեմ»։

Հարցին՝ երբևէ եղե՞լ է, որ իրեն կանչեն քննիչի մոտ ու ինքը սուտ ցուցմունք տա, նա պատասխանեց. «Չի եղել նման բան, ես ճիշտ ցուցմունք եմ տվել, ինչը որ իմացել եմ»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

  • Կիսվել: