ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՀԿ պատգամավորները շահել են դատը. 1in.am-ը դատարանի որոշմամբ պիտի հերքում տարածի

ԼՀԿ պատգամավորները շահել են դատը. 1in.am-ը դատարանի որոշմամբ պիտի հերքում տարածի

Դատարանը բավարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, պատգամավորներ Արմեն Եղիազարյանի և Տարոն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Տեղեկացնում ենք, որ հրապարակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/26016/02/20 գործով վճիռը, որով Դատարանը բավարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, պատգամավորներ Արմեն Եղիազարյանի և Տարոն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության։ Դատարանը մասնավորապես վճռել է՝

Էդմոն Մարուքյանի, Արմեն Եղիազարյանի և Տարոն Սիմոնյանի հայցն ընդդեմ «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության հերքում տարածելու պահանջի մասին, բավարարել:

Պարտավորեցնել պատասխանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանն իրեն պատկանող «Առաջին լրատվական» (https://www.1in.am/) կայքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում իր հաշվին տարածել 2020թ. հունիսի 19-ին հրապարակված ««Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս առանձնատանը» վերտառությամբ նյութի հերքումը՝ նույն կայքում, «հերքում» խորագրի ներքո՝ տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով՝ չզիջելով այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

Պատասխանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ հայցվորներ Էդմոն Հրաչիկի Մարուքյանի, Արմեն Էդիկի Եղիազարյանի և Տարոն Վարդանի Սիմոնյանի համապարտությամբ բռնագանձել 4000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:

 

  • Կիսվել: