ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Պարզվել են Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևան քաղաքի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկ: Հիշյալ վայրում նկատելով Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ գետնին ընկած ամրանների մոտից վերցրել է մուրճը, մոտեցել հուշարձանին և հարվածել  Լեոնիդ Ազգալդյանի դիմապատկերով հուշարձանի քթի հատվածին, կոտրել այն ու դիմել փախուստի՝  պատճառելով 3.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: