հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լավ կլինի՝ ճանապարհ փակողները դադարեն բռնանալ սեփական համայնքի բնակիչների հանդեպ. «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչ

Լավ կլինի՝ ճանապարհ փակողները դադարեն բռնանալ սեփական համայնքի բնակիչների հանդեպ. «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչ

Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները Facebook սոցկայքում հրապարակել են տեսանյութ, որում պնդում են, որ ոստիկանները խուզարկել են Ամուլսարի շահագործման դեմ բողոքող երեք քաղաքացու բնակարանները, իսկ քաղաքացիներին տարել են Երեւան՝ ոստիկանություն, եւ խուլիգանության հոդվածով քրեական գործեր են հարուցում:

Քանի որ «Լիդիան Արմենիան» երկու շաբաթ առաջ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են երկու անձինք քարեր շպրտում Լիդիանի մեքենաների վրա, News.am-ն ընկերությունից փորձեց ճշտել՝ արդյոք այս խուզարկությունները եւ բերման ենթարկված անձինք առնչություն ունեն այդ միջադեպի հետ եւ արդյոք բերման են ենթարկվել Լիդիանի պահանջով։ Մեր հարցերին պատասխանեց «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար, փաստաբան Խորեն Նասիբյանը։

- «Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս հայտարարել է այդ տարածքում ծեծկռտուքների մասին, որոնց վերաբերյալ, ըստ Լիդիանի, քրեական գործեր այդպես էլ չեն հարուցվում: Այսօր ակտիվիստները տեսանյութ են տարածել, որտեղ պնդում են, որ հանքի դեմ հանդես եկող երեք քաղաքացու բերման են ենթարկել։ Արդյոք կատարվածը ընկերության կողմից հնչեցված բողոքների արդյո՞ւնք է:

- Չեմ կարող ասել՝, ում մասին է խոսքը եւ չեմ կարող որեւէ կերպ մենկաբանել թե ինչ գործողություններ են իրականացնում պատկան մարմինները, քանի որ տեղյակ չեմ։ Ընկերության անունից կարող եմ միայն ասել, որ «Լիդիան Արմենիան» կողմ է ցանկացած հարց օրենքի եւ օրինականության շրջանակներում լուծելուն: Մենք նախկինում քանիցս հայտարարել ենք, այժմ էլ շարունակում ենք պնդել, որ այդ համայնքներում արդեն երկու տարի է՝ տարբեր տեսակի բռնություններ են լինում: Դուք տեղյակ եք, որ վերջերս նույնպես ծեծկռտուքի դեպք է եղել, եւ ճանապարհ փակողները, մեր ունեցած տեղեկություններով, բախումներ են հրահրել համայնքի բնակիչ Լիդիանի աշխատողների հետ։ Այդ ծեծկռտուքների արդյունքում կան տուժածներ՝ համայնքի բնակիչներից: Նրանք նույնիսկ հայտարարություններով հանդես եկան, որ իրենց անպաշտպան են զգում: Մենք հույս ունենք, որ օրենքը կգործի, եւ անպաժելիության մթնոլորտը կվերանա, մեղավորներն էլ իրենց պատիժը կստանան:

- Համայնքի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հիշելով քաղաքացիների եւ «Լիդիան Արմենիայի» պահնորդների միջեւ ծեծկռտուքը, ասում է՝ դեմ է բռնությանը, ակնարկելով, որ այդ պահնորդներն են հրահրում բախումներ, իսկ օրենքը խտրական է կիրառվում ճանապարհ փակողների դեմ։

- Չեմ ուզում մեկնաբանել ապօրինություն իրակականացնողներից որեւէ մեկին։ Կարող եմ միայն ասել, որ լավ կլինի՝ ճանապարհ փակողները ոչ թե տեսանյութերում բռնությունը դատապարտեն, այլ գործով, այն է՝ դադարեն բռնանալ սեփական համայնքի բնակիչների հանդեպ։ Սա առաջին դեպքը չէ։ Եղել են հարձակումներ, սպառնալիքներ, այդ մասին բազմիցս խոսել են համայնքի բնակիչները։ Այս ապօրինությանը վերջ տալու միակ ձեւը այս մարդկանց օրենքով նախատեսված միջոցներով սանձելն է։

 

  • Կիսվել: