երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կումայրիի ոստիկանները բացահայտել են ուրիշի քարտից կանխիկացումը. իրավապահները հորդորում են քարտի հետ չպահել PIN-կոդը

Կումայրիի ոստիկանները բացահայտել են ուրիշի քարտից կանխիկացումը. իրավապահները հորդորում են քարտի հետ չպահել PIN-կոդը

 Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ապրիլի 5-ին հաղորդում է տվել գյումրեցի մի կին՝ հայտնելով, որ Շիրակացու փողոցում կորցրել է բանկային քարտը, որից կանխիկացրել են 160 հազար դրամ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Շիրակի մարզային քննչական վաչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և Կումայրիի բաժնի քրեական հետախույզներն անցան գործի: Օրեր տևած բազմաբնույթ միջոցառումների արդյունքում, ի վերջո, պարզվեց, որ կնոջ քարտից գումարը կանխիկացրել է Սարագյուղի 29-ամյա մի բնակիչ: Ապրիլի 10-ին երիտասարդը հրավիրվեց ոստիկանության բաժին և խոստովանեց, որ քարտը գտել ու գումարը կանխիկացրել է ինքը: Ընդ որում, կանխիկացրել է շատ հեշտ, քանի որ կինը թղթի վրա գրված կոդն անհեռատեսորեն կցել էր քարտին:

Բազմիցս զգուշացրել ենք` քարտի հետ չպահել գաղտնանիշը, և այս դեպքն էլ հերթական համոզիչ փաստարկն է, թե ինչու պետք չէ այդպես վարվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Կումայրիի ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ` կնոջ քարտը հայտնաբերելու և գողոնը տուժածին վերադարձնելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

  • Կիսվել: