հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել. ՄԻՊ

«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։

Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել մի խումբ դիմորդների և նրանց ծնողների հետ, քննարկել նրանց մտահոգությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի են ունեցել նաև մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքում մի շարք գրություններ են հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Ուսումնասիրելով բողոքների բովանդակությունը և ՀՀ վերաբերելի օրենսդրությունը, ինչպես նաև առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնպահ է մնում այնպիսի հարցերի մասին գնահատական տալուց, որոնք չեն առնչվում Պաշտպանի իրավասությանը կամ արդեն իսկ դիմողների կողմից ներկայացված են դատարանի քննարկմանը:

Կրթական համակարգի կազմակերպման և իրագործման, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ընտրության հարցում միջազգային պահանջները պետություններին վերապահում են հայեցողության լայն շրջանակ: Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման առարկա է դարձրել այն, թե արդյոք գործադրված նոր կարգի պայմաններում պետությունը հաշվի է առել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ դիմորդների կրթության իրավունքի վրա և արդյոք պետությունը ձեռնարկել է բավարար միջոցներ, որոնք կարող էին չեզոքացնել այդ գործոնների բացասական ազդեցությունը:

Այսպես, դիմորդների և նրանց ծնողների՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքները և հրապարակային մտահոգությունները, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պաշտոնական պարզաբանումները հնարավորություն են տվել ձևավորել հետևյալ եզրահանգումները:

1․ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորումներից պարզ է դառնում, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը փոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ։ Նման դեպքերում պետք է նկատի ունենալ, որ արտակարգ դրության փաստը ավելի է մեծացնում պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը և իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և համաչափ կոնկրետ իրավիճակին և ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։

2․ Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի վերաբերյալ իրականացվել են իրազեկման աշխատանքներ: Սակայն Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ նախ՝ կարգին վերաբերող Կառավարության որոշման դրույթները մեծածավալ լինելու պատճառով ներկայացված չեն եղել դիմորդների համար նախատեսված մատչելի տարբերակով, և երկրորդ՝ ժամանակային սղությամբ պայմանավորված դիմորդները չեն ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն:

Այս եզրահանգման հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ ընդունելության նոր կարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքների համար պետք է սահմանվեր առնվազն ընդհանրական բնույթի ռազմավարություն կամ ժամանակացույց, որի շրջանակում իրավասու մարմինները կապահովեին տեղեկատվության իրական ու թիրախային հասանելիություն հավասարապես բոլոր դիմորդների համար:

Այս տեսանկյունից պետք է հատուկ ուշադրության առարկա դառնար հատկապես գյուղական վայրերում բնակվող դիմորդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց իրազեկվածության ապահովմանը վերաբերող հարցերը։ Իրազեկման աշխատանքների արդյունավետ իրականացման համար կարևոր է նաև դպրոցների ուսուցիչների մասնակցությունն ու ներգրավվածությունը:

Ընդ որում, այս աշխատանքները պետք է իրականացվեին նախապես՝ արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո, երբ ընդունելության կարգի փոփոխության համար առկա էր ողջամիտ կանխատեսելիություն:

3․ Հասկանալի է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը կարող է պահանջել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացման սեղմ ժամկետներ։ Սակայն, նախագծերի ընդունման հրատապությունը չի վերացնում այդ փաստաթղթերի մասին հանրային քննարկումներ անելու անհրաժեշտությունը:

Արդյունքում, պետք է արձանագրել, որ թե՛ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման, թե՛ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել։

Մարդու իրավունքների պաշտպանին նախագծերը կարծիքի ևս չեն ներկայացվել:

4․ Պատշաճ քննարկումներ չանցկացնելն առաջացրել է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության կարգին առնչվող փաստաթղթերի գործնական կիրառելիության խնդիրներ: Ավելին, առաջարկվող լուծումների վերաբերյալ հանրային ոչ բավարար իրազեկվածությունը հանգեցրել է շահագրգիռ կողմերի՝ խնդրո առարկա կարգավորմամբ հետապնդվող նպատակի վերաբերյալ անորոշության ու նույնիսկ կրթության իրավունքի պատշաճ իրացման պայմանների տեսանկյունից անբարենպաստ հետևանքների:

5. Կառավարության որոշման և օրենքի նախագծերին կից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանցում առկա չէ այդ փաստաթղթերի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող բավարար տեղեկատվություն: Մասնավորապես, Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում անհրաժեշտ էր դիտարկել, թե առաջարկվող կարգավորումը գործնականում ինչ հնարավոր ռիսկեր կարող է պարունակել և ինչ ազդեցություն կունենա կրթության իրավունքի իրացման տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև այն, որ 2020-2021 ուսումնական տարվա համար բուհերում ընդունելությունն իրականացվել է մեկ քննության արդյունքների հիման վրա ու այն էլ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

6. 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի մշակման փուլում հաշվի չի առնվել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանափակումների պատճառով խնդիրների առաջ կանգնած դիմորդների բուհ ընդունելության հարցը: Օրինակ, դիմորդը չի կարողացել մասնակցել ընդունելության միասնական քննությանը, քանի որ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակակիր լինելու հիմքով գտնվել է ինքնամեկուսացման մեջ: Ավելին, դիմորդն ավարտել է միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ: Արդյունքում, ինքնամեկուսացված և մեկուսացված անձինք չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին իրենցից անկախ պատճառներով:

Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է բողոքների քննարկումը։

Կից ներկայացնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի իրավական ամբողջական դիրքորոշումները թեմայի վերաբերյալ:

 

 

  • Կիսվել: