Կոտայքի մարզում սպանությամբ ավարտված վիճաբանության գործով մեկ կալանավորված կա
Կոտայքի մարզում օրեր առաջ սպանությամբ ավարտված վիճաբանության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ կալանավորվել է, 4 անձ ճանաչվել է տուժող։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:
«Կոտայքի մարզում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետևանքով 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որից 1-ը մահացել է:
1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով: Վերջինս կալանավորվել է։ 1 անձ ձերբակալվել է, 4 անձ ճանաչվել է տուժող»,–հայտնել են ՔԿ-ից:
Հիշեցնենք, Չարենցավանում խմբակային վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր սպանությամբ, 5 անձ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։