«Կոշ» ՔԿՀ-ի նախկին պետ Լյովա Բաղդասարյանն ապօրինի ծագում ունեցող գույք չունի. դատարանը մերժել է դատախազության հայցը
Փաստաբան Հրանտ Անանյանը քիչ առաջ գրել էր, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ն.Ավագյանի) այսօր հրապարակված վճռով ամբողջությամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ իրենց (փաստաբաններ Հարություն Հարությունյանի և Հրանտ Անանյանի) վստահորդ Լ.Բ.-ի և ՈՒ.Կ.-ի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
«Դատական ակտը առնվազն եզակիներից է (եթե ոչ միակը), որով դատարանը բովանդակային վերլուծության ենթարկելով թե՛ հայցվոր և թե՛ պատասխանող կողմի ապացույցները և փաստարկները, համադրությամբ ամբողջությամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը հայ իրավական համակարգ վերջերս ներդրված խնդրահարույց ինստիտուտով»,- գրել է փաստաբան Հրանտ Անանյանը:
Խոսքը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանին ու նրա կնոջը պատկանող գույքի մասին է: Ի դեպ, «Կոշն» այն հիմնարկն է, ուր իր պատիժն է կրել Նիկոլ Փաշինյանը, և պատահական չէ, որ Լյովա Բաղդասարյանի նկատմամբ նա հատուկ սևեռվածություն ունի: