երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կկանոնակարգվի ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը. օրենսդրական նախաձեռնություն

Կկանոնակարգվի ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը. օրենսդրական նախաձեռնություն

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը կանոնակարգելու, ինչպես նաև դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Օրինագծով առաջարկվում է ներկայացված ապրանքների արտահանման գործընթացը նույնպես իրականացնել լիցենզիաների միջոցով և սահմանել պետական տուրք ապրանքներն արտահանելու համար։ Նախագծով առաջարկվող ապրանքների յուրաքանչյուր մեկ տոննայի դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ տրամադրելու համար պետական տուրքը հաշվարկվել է այն տրամաբանությամբ, որպեսզի ապահովվի մրցակցային գներ արտահանման և տեղում վերամշակման համար։

Արդյունքում նախատեսվում է ստեղծել առավել երկար արտադրական շղթաներ, խթանել սև և գունավոր մետաղների վերամշակման խորացումը տեղում՝ բարենպաստ պայմաններ ստեղծել արտերկրից ներմուծումը կրճատելու և առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրելու և արտահանելու համար։

Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։

Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2023 թվականին կատարվել են ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ (այդ թվում՝ օտարերկրյա)։ Մասնավորապես՝ ընդլայնվում է Չարենցավանի «Ձուլակենտրոն» ընկերության արտադրանքի տեսականին, ավելացվում են «Ասկե գրուպ» ընկերության հզորությունները, կառուցվում է «Տաշիր գրուպ» ընկերության կողմից նոր մետալուրգիական և լարերի, իսկ օգտագործելով այդ լարերը՝ նաև տրանսֆորմատորների արտադրության գործարան։ Իրանական ներդրողների կողմից նախաձեռնվել է Քարակերտում մետաղի ջարդոնից լարերի արտադրության ձեռնարկության ստեղծումը։

Նշված ընկերությունները նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով երկաթյա պրոֆիլներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ներմուծվում են (տեղի կունենա ներմուծման փոխարինում)։ Ըստ կանխատեսումների, վերը նշված ծրագրերով ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ՝ 65-70%-ով, հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի։

Առաջարկվող կարգավորումները առավել արդյունավետ կդարձնեն մետաղների վերամշակման գործընթացը՝ խորացնելով այն պարզ ձուլակտորներից դեպի առավել բարձ ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությունը և արտահանումը։ Միևնույն ժամանակ, կարգավորումները կփակեն այն սողանցքները, որոնցից օգտվում են որոշ անբարեխիղճ արտահանողներ՝ մետաղի ջարդոնի փոխարեն՝ արտահանելով ստանդարտներին չհամապատասխանող ձուլվածքներ, որոնք, սակայն, արտերկրում վաճառվում են մետաղի ջարդոնի գնով։

  • Կիսվել: