շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խուզարկել են Ucom-ի նոր գործադիր տնօրենի տունն ու մեքենան, առգրավել են փաստաթղթեր ու աշխատանքային համակարգիչ. փաստաբան

Խուզարկել են Ucom-ի նոր գործադիր տնօրենի տունն ու մեքենան, առգրավել են փաստաթղթեր ու աշխատանքային համակարգիչ. փաստաբան

Այսօր լրագրողների հետ զրույցում Ucom ընկերության նոր գործադիր տնօրեն Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ Արա Խաչատրյանի տանը եւ մեքենայում խուզարկություն է կատարվել, մեքենայից առգրավել են մի շարք փաստաթղթեր եւ նրա աշխատանքային համակարգիչը:

Փաստաբանը, մասնավորապես, նշեց. «Մի շարք խնդիրներ մենք արդեն իսկ մատնանշել ենք, որ մեքենայի համարը այլ համար է եղել գրված, քան այն մեքենան, որ խուզարկել են: Որ խուզարկության որոշման մեջ ձեւակերպված է եղել պլանային փաստաթղթեր, այնինչ համակարգիչն են առգրավել եւ, ցավոք սրտի, այս ամենը տեղի է ունենում Ucom ընկերության շուրջ այս քննարկումների ֆոնի վրա, որը ինձ այս պահին առկա ինֆորմացիայի հիման վրա հիմք է տալիս մտածելու, որ սա ինչ-որ գործընթաց է ուղղված Ucom-ի առկա բաժնետերերի վեճի, կամ մենեջմենթի վեճի հետ կապված`հաշվի առնելով նաեւ վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ  պետք է  առգրավվի, բռնագանձվի եւ մուծվի պետական բյուջե»,- ասաց  Օրբելյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ «Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանն ու նշել, որ ճնշումներին տեղի չեն տալու, ու Ucom-ը չի վաճառվելու։

Նշենք, որ նոր մեղադրանք է առաջադրվել Գուրգեն Խաչատրյանին ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ ասել էր, որ ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ:

«Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:

Նշեմ նաեւ, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:

Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով»,- գրել էր նա:

Միքայել Մինասյանի փաստաբանն իր հերթին հայտարարել է, որ Մինասյանը երբևէ բաժնետիրական առնչություն չի ունեցել UCOM– հետ։

 

  • Կիսվել: