չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի. ՔԿ

Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական  շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 57-ամյա բնակիչը, իրացնելու նպատակով անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և 2019 թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Վարշավյան փողոցում 1 տոննա չուգունի դիմաց 47-ամյա տղամարդուն ապօրինի իրացրել է «Հերոին» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցի մի մասը նույն օրը վերջինիս կողմից գործածվել է, իսկ մնացած խոշոր չափի` ընդհանուր 0,293 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցը տղամարդը պահել է իր մոտ` հետագա օգտագործման համար, որը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշված երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ,  նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: