շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած վարչական իրավախախտումների օրենսգիրքը կփոխարինվի ժամանակակիցով

Խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած վարչական իրավախախտումների օրենսգիրքը կփոխարինվի ժամանակակիցով

Խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած օրենսգիրքը կփոխարինվի նոր՝ ժամանակակից օրենսգրքով․ նախագիծը քննարկվել է ընտրական ոլորտի շահագրգիռ անձանց հետմ հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ անդրադառնալով շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպված քննարկմանը:
 
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը բացման խոսքով է հանդես եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը՝ նվիրված ընտրական ոլորտի և կուսակցությունների գործունեությանը վերաբերող իրավախախտումներին:
 
Քննարկմանը ելույթով է հանդես եկել նաև IFES հաստատության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն։ Տիգրան Դադունցը կարևորել է օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների իրականացումը և նշել, որ երկար տարիներ շարունակ մշակվող օրենսգիրքն ակնկալվում է առաջիկայում ներկայացնել Կառավարության քննարկմանը և հույս հայտնել, որ շուտով այն փոխարինելու կգա խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած 1985թ. օրենսգրքին:
 
Անցում կատարելով բուն օրակարգային թեմաների քննարկմանը Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, փորձագետ Թամարա Շաքարյանը ներկայացրել է օրենսգրքի նախագծի մշակման նախապատմությունը, հիմնական գաղափարներն ու հայեցակարգային ուղղությունները՝ նշելով, որ փաթեթով կատարվում են հետևյալ հիմնական բարեփոխումները.
 
• սահմանվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթներ,
• սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ,
• ներմուծվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի բնականոն ընթացքն ապահովող և անձանց իրավունքները երաշխավորող անհրաժեշտ իրավական ինստիտուտներ,
• վերանայվում են ոլորտային օրենսդրական ակտերն այն կտրվածքով, որպեսզի վերջիններում բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները և այլն:
 
Տիգրան Դադունցը և հիմնադրամի իրավաբան-փորձագետ Մարիետտա Մնացականյանը քննարկման մասնակիցներին են ներկայացրել Ընտրական գործընթացներին առնչվող և կուսակցությունների ֆինանսավորմանը և հանրային ռեսուրսի չարաշահմանն առնչվող վարչական իրավախախտումները։
 
Այնուհետև քննարկման մասնակիցները հնչեցրել են իրենց հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները, տեղի է ունեցել ակտիվ քննարկում և նախանշվել են փաթեթի հետագա բարեփոխման ուղղությունները: Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները օրենսդրական բարեփոխումների շուրջ:
 
Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի համատեղ ջանքերով։
 
Քննարկմանը մասնակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Քննչական կոմիտեի և այլ շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

  • Կիսվել: